Գլխավոր

<< Մալաթիա –Սեբաստիա>> համայնքում  գողտրիկ մի տարածք է զբաղեցնում Վահան Թեքեյանի անունը կրող № 92 հիմնական դպրոցը: Այն հիմնադրվել է 1954 թվականին և հպարտությամբ կրում է իր կեսդարյան պամությունը` իր բարի ու արժանահիշատակ ավանդույթներով, աշխարհով մեկ սփռված շրջանավարտներով:

Դպրոցը իր աշխատանքային գործունեությունը սկսել է թափառ կյանքով` հյուրընկալվելով այս կամ այն հիմնարկության ազատ տարածքներում: 1959 թվականից այն իր հյուրընկալ դռները բացեց, ճիշտ է, սկզբում եռահարկ մեկ մասնաշենքով, որը տարիներ հետո բարելավվեց`  հասնելով 3 մասնաշենքի:

Սկզբնավորման օրից սկսած ` դպրոցը ղեկավարել են իրենց գործին գիտակ տնօրեններ (Պ. Պապիկյան, Պ. Մամբրեյան, Բ. Զաքարյան, Ա.Խալաթյան, Ծ.Մարդանյան), իսկ մատաղ սերնդի դաստիարակությունը ստանձնել է մի կոլեկտիվ , որը մեր հայրենիքին տվել է կրթված , հայրենասիրական մեծ պաթոսով դաստիարակված հայորդիներ.առհավատչյան 2-րդ հարկի << Փառքի սրահը>>` նվիրված Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներ Արարատ Մխիթար Էլբակյանին և Հրաչյա Սարգսյանին:

1987թ. հունվարի 27-ին դպրոցը անվանակոչվեց խոսքի մեծ  արվեստագետի` Վահան Թեքեյանի անունով, իսկ ՀՀ վաստակավոր քանդակագործ Թոքմաջյանի << Վահան Թեքեյան>> քանդակը իր արժանի տեղը գտավ դպրոցամերձ պուրակում, որը դարձել է պատանի թեքեյանցիների համար սրբատեղի:

2014  թվականաին դպրոցը համալրվեց նախակրթարնով, որտեղ հաճախում են շուրջ 55 սաներ` 2 խմբաքանակով, նրանք դարձան մեր թեքեյանական համերաշխ ընտանիքի լիիրավ անդամներ : Վ.Թեքեյանի անվան  թիվ 92 հիմնական դպրոցը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց << Ազգային երգ ու պարը դպրոցում>> փորձարարական ծրագրին և իր օգտին գրանցեց բավականին մեծ հաջողություններ:

Երբեք չի խախտվում ավանդույթ դարձած տարեվերջյան աշակերտական ցուցադրումները դպրոցի կերպարվեստի պատկերասրահում:

Նշվում են բոլոր պետական տոներն ու հիշատակի օրերը : Ամենամյա բնույթ են կրում << Աշակերտների և ուսուցիչների պարգևատրման արարողությունը >> , << Սուրբ Զատիկը>>, << Մեր ոսկեղենիկ մայրենի >> խորագրով միջոցառումների շարքը, որն իր մեջ ներառում է մեր հանճարեղ լոռեցու` Թումանյանի ծննդյան  տարեդարձն ու գրքի տոնը: Գարնան տոները մեծ բերկրանք ու ժպիտ են պարգևում բոլորին : Ամեն տարի դպրոցն իր հարգանքի տուրքն է մատուցում եղեռնի զոհերի հիշատակին դեպի Ծիծեռնակաբերդ ` իր համադպրոցական երթով, դպրոցում կազմակերպվող բովանդակալից միջոցառումներով : Մեծ շուքով են  նշվում  Մայիսյան եռատոնը, Անկախության տոնն ու Բանակի օրը:

Եվ յուրաքանչյուր ուսումնական տարին ամփոփում ենք << Վերջին դաս>>-ով, որն արթնացնում է գեղեցիկ հուշեր, և ավարտական թեքեյանցիները մեծ ափսոսանքով ու հուզմունքով են լքում իրենց հարազատ կրթօջախը:

Թևակոխել ենք նոր հազարամյակ : Վստահ կարող ենք ասել, որ դարամուտը մեզ համար եղավ վերելքի և,  ինչու չէ նաև նվաճումների տարի: Սփյուռքահայ բանաստեղծ Վ.Թեքեյանի անունը պատվով և հպարտությամբ կրելով` շարունակում և պահպանում ենք մայրենի լեզվով բարբառող մանուկների ուսման գործը: Անուն, որն ավելի է ոգևորում և ուժ  տալիս   էլ ավելի լավ  և շնորհալի  լինել, պատվով կրել << թեքեյանցի>> անունը: Դպրոցի կամարների տակ և ամենուր ապրում է մեծ բանաստեղծի հոգին անհուն բերկրանքով, որովհետև ինչ որ կտակեց մեզ` իր հետևորդներին, սիրով վերադարձնում ենք իր հոգուն.<< Արևն ըմպած  ըլլալու, մխիթարանքը անհուն…>>: